Գործարարները բիզնեսից հանում են գումարներն ու ավանդ են դնում, սա վկայում է տնտեսական կայունության, վստահության երաշխիքի պակասի մասին. Ս. Պարսյան

Դիտումների քանակը՝ 0


Վերջին տարիներին մեր բիզնեսմեններն իրենց բիզնեսից հանում են գումարները, դնում են ավանդ և դրա փոխարեն վարկային գումարներ են դնում են բիզնեսի մեջ: Այս պրոցեսը շարունակվում է առ այսօր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը:«Սա վկայում է, որ բիզնեսմենն իր բիզնեսի ապագայի մասով շատ ռիսկային կանխատեսումներ ունի: Սա վերջին 3 տարիներին շատ է զգացվում: Դա մեր տնտեսության վատ ակնկալիքների, վատ սպասումների մասին է խոսում, որ բիզնեսմենը չի վստահում իր բիզնեսին: Սա հիմնական խնդիր է, որը տարիներ շարունակ նկատվում է»,- նշեց տնտեսագետը:Սուրեն Պարսյանն ընդգծում է, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո, նոր իշխանությունների կառավարման ընթացքում էլ այս պրոցեսը շարունակվում է:«Տնտեսական, քաղաքական կայունության, վստահության երաշխիքի պակասն է, որ բիզնեսմեններն ունեն: Եթե չեմ սխալվում, արտարժույթով ավանդների քանակն էլ է ավելացել այս ընթացքում, որը վկայում է, որ բիզնեսմենները երկարաժամկետ ռիսկերից իրենց փորձում են հեռու պահել կամ երաշխիքներ ունենալ»,- հայտնեց նա:Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար: Վարչապետի ներկայացրած տվյալներով՝  հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերը՝ 4.3 տոկոսով: Իսկ ավանդներն աճել են 9.2 տոկոսով»:Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը քննադատել էր Ն. Փաշինյանին՝ նշելով, որ վարչապետին պետք է մտահոգի տնտեսության ներկայիս վիճակը. «2-րդ եռամսյակում 1-ինի համեմատ ներդրումները պակասել են 11 անգամ։ Աաջինն էլ մի բան չէր։ Հիմա, ներդրումների իսպառ բացակայության պայմաններում աճում է պահանջարկը վարկի նկատմամբ»,- գրել էր նա:Սուրեն Պարսյանի խոսքով՝ ավանդների աճը չի նպաստում Հայաստանում ներդրումների աճին՝ հաշվի առնելով այն, որ ավանդներն հիմնականում բաշխվում են սպառողական վարկերի ձևով, ոչ թե խոշոր բիզնես վարկերի և այլ ուղղություններով:«Մյուս խնդիրն ավանդների աճի հետ կապված հետևյալն է՝  տարիներ շարունակ մեզ մոտ դեռևս չի ձևավորվել բաժնետիրական կամ արժեթղթերի շուկան, որ ենթադրենք մարդը 10 հազար դոլարի դիմաց որևիցե կազմակերպության բաժնետոմս է գնում: Եթե օրինակ 2000-ականներին մարդիկ անշարժ գույք էին ձեռք բերում՝ մտածելով, որ տարին տարվա վրա դրանց արժեքը ավելանալու է, սակայն 2008 թ.-ից հետո անշարժ գույքի գները կտրուկ անկում գրանցեցին: Հիմա մարդիկ ուղղակի ներդնելու տեղ չունեն և այդ գումարը դնում են ավանդ»,- ասաց տնտեսագետը:Ըստ նրա՝ կառավարությունը պետք է փոխի տնտեսական քաղաքականությունը և փորձի զարգացնել բաժնետիրական շուկան:«Դա կառավարությունը կարող է իրականացնել հետևյալ կերպ՝ գերիշխող դիրք կամ մենաշնորհային կազմակերպությունները օրենքի ուժով պետք է դառնան բաժնետիրական և նրանց բաժնետոմսերի 1/3-ը պետք է բորսայում ազատ բաժանորդագրեն»,- ասաց Ս. Պարսյանը:Ինչ վերաբերում է ներդրումների նվազմանը, տնտեսագետը նշեց, որ դա պայմանավորված է քաղաքական, տնտեսական, կազմակերպական և այլ գործոններով:«Նույն Ամուլսարի դեպքում կոնկրետ բնապահպանական խնդիրներով է պայմանավորված ներդրումների կանգը, որովհետև այս տարի մեծ քանակությամբ ներդրում պետք է աներ «Լիդիան Արմենիան»»,- ընդգծեց նա:Ըստ Ս. Պարսյանի՝ քաղաքական կայունությունը ևս բիզնեսի համար շատ կարևոր է, բայց դա ներդրումներ չանելու միակ պատճառը չէ. «Ներդրողները պետք է քաղաքական պրոցեսների մի քանի տարվա հեռանկար, կանխատեսում ունենան»:Սուրեն Պարսյանի խոսքով՝ ներդրումների նվազման վրա կարող է ազդել նաև դոլարի փոխարժեքը, ինչպես նաև արտաքին քաղաքականությունը:«Օրինակ՝ այս տարվա ընթացքում մենք մեծ քանակությամբ բանջարեղենի և մթերքների արտահանում ունեցանք ՌԴ, դա կարող է նպաստել մյուս տարի գյուղատնտեսության ոլորտում ներդրումների աճին: Այսինքն՝ այս տարվա խնդիրներով նաև պայմանավորված է հաջորդ տարվա ներդրումները և այս տարվա ներդրումները նախորդ տարվա ցուցանիշներով է նաև պայմանավորված»,- ընդգծեց նա:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ

Մեկնաբանություն