Պատգամավորը միայն կոճակ սեղմող մարդ չէ, նա պետք է քաղաքականապես զարգացած լինի. Մարինա Թագակչյանը` Ազոյանի մասին

Դիտումների քանակը՝ 0


Դերասան Հովհաննես Ազոյանը (Հովոն) դիմում էր գրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: ՔՊ խոսնակը հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ Ազոյանը դիմում է գրել, որը դեռ չի հաստատվել: Վերջերս էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ազոյանն ասել է, որ սոցիալական տարբեր շերտերի, փոքրամասնությունների շահերն է ուզում պաշտպանել եւ նպատակ ունի անպայման լինել Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր. «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»,-նշել է նա:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց Հովհաննես Ազոյանից, սակայն նա հրաժարվեց որեւէ լրացուցիչ տեղեկություն հայտնել: Նշենք, որ դերասանի հայտարարությունը բուռն կերպով քննարկվում է հայ հանրության կողմից:
Երգահան Մարինա Թագակչյանի համոզմամբ՝ Հովհաննես Ազոյանը դեռեւս պատրաստ չէ քաղաքականություն մուտք գործելուն. «Պատգամավորը միայն կոճակ սեղմող մարդ չէ, նա պետք է քաղաքականապես զարգացած լինի, պետք է կարողանա նախագիծ տանել ԱԺ: Եթե Հովհաննեսը ԱԺ մուտք գործելու ցանկություն ունի, ողջունելի է, բայց դրան հասնելու համար տարիներ, որոշակի հասունություն է պետք: Ինքս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ, բայց երբեք չեմ հավակնել մուտք գործել քաղաքականություն: Եթե որեւէ գործ էլ անեմ, դա կվերաբերի մշակույթին»,-շեշտեց երգահանը:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ

Մեկնաբանություն